Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Տարեվերջին Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտագործնական միջոցառումների
ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները տարեվերջին դատական փորձաքննությունների մի շարք ուղղություններով մասնակցել են միջազգային գիտական միջոցառումների:
Մասնավորապես՝ դեկտեմբերի 19-ին Բյուրոյի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը առցանց ձևաչափով մասնակցել են Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և կրիմինալիստիկայի ամբիոնի կողմից կազմակերպված «Փաստաթղթերի դատական փորձաքննության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային կլոր սեղան-քննարկամը:
Գիտական միջոցառման շրջանակներում մասնակիցներն արդյունավետ քննարկումներ են ծավալել փաստաթղթային և դատահետքաբանական փորձաքննություններում հատուկ գիտելիքի կիրառման, դատաձեռագրաբանական փորձաքննության հավաստիության գնահատման, ձեռագրի հետազոտության տեսության և պրակտիկայի, փորձագիտական կադրերի պատրաստման, փորձագիտական անձնակազմի վերապատրաստման, դատափորձագիտական մեթոդների դոկտրինի զարգացման հեռանկարների այլ կարևոր հարցերի շուրջ:
Դեկտեմբերի 23-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական բաժնի փորձագետները առցանց ձևաչափով մասնակցել են Ուկրաինայի արդարադատության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների և մտավոր սեփականության ոլորտների դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի կազմակերպած «Մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննություն. տեսություն և պրակտիկա» խորագրով 8-րդ ամենամյա միջազգային գիտագործնական գիտաժողովին:
Միջոցառման շրջանակներում անդրադարձ է կատարվել մտավոր սեփականության փորձաքննությունների բնագավառի հիմնախնդիրներին, մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննության շրջանակներում գիտական հետազոտությունների և մեթոդաբանության մշակման զարգացմանը, առևտրային (ֆիրմային) անվանումների և ապրանքային նշանների դատական փորձաքննությունների, համակարգչային ծրագրերի, տվյալների բազաների և հեռահաղորդակցության միջոցների փորձաքննության, մտավոր սեփականության պաշտպանության բնագավառում գիտության և կրթության զարգացման և կատարելագործման ուղիներին և ոլորտային այլ արդի հիմնախնդիրերի:
Դեկտեմբերի 24-ին էլ Բյուրոյի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները առցանց ձևաչափով մասնակցել են ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կազմակերպած «Կիրառական լեզվաբանության հիմնախնդիրները. նեյրոլեզվաբանություն, հոգելեզվաբանություն» խորագրով միջազգային խորհրդակցությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կիրառական լեզվաբանությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը, նեյրոլեզվաբանության, տեքստի հետազոտմանը, մտավոր լեքսիկոնի և խոսքի ընկալման հիմնախնդիրներին վերաբերող հարցեր:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ գիտագործնական միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը:
30 December 2024